ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃ

Ճարտարապետական ոճը - ճարտարապետությանը բնորոշ հատկանիշների ու նշանների ամբողջությունն է: Որոշակի ժամանակահատվածին և տարածքին բնորոշ հատկանիշները,  որոնք դրսևորվում են գործառնական, կառուցողական և գեղարվեստական​​ կողմերի առանձնահատկություններում (կառույցների նշանակություն, շինանյութեր և կառուցվածքներ, ճարտարապետական ​​հորինվածքի միջոցներ),  ձևավորում են ճարտարապետական​​ ոճը: Ճարտարապետական ոճի զարգացումը պայմանավորված է կլիմայական, տեխնիկական, տարածաշրջանային և մշակութային գործոններով:

Չնայած, որ  ճարտարապետության զարգացումն անմիջականորեն պայմանավորված է ժամանակաշրջանով, միշտ չէ, որ ոճերը միմյանց փոխարինում են հաջորդաբար. հայտնի է նաև ոճերի միաժամանակյա գոյության` որպես միմյանց այլընտրանք (օրինակ` բարոկկոն և կլասիցիզմը, ֆունկցիոնալիզմը, կոնստրուկտիվիզմը, ար-դեկոն):

Ճարտարապետական ոճ հասկացությունը

Ճարտարապետական ոճի գաղափարը Ոճի գաղափարը գիտական մշակութաբանության մեջ առաջին անգամ ներմուծվել է XVIII դարում գերմանացի հնէաբան Իոհան Իոահիմ Վինկելմանի կողմից: Գեղարվեստական ոճին նվիրված աշխատությունների մեծ մասն ուղղված էր մշակույթում և ճարտարապետությունում բուն երևույթի բնույթի և ոճերի առաջացման ուսումնասիրությանը` փիլիսոփայական, մշակութաբանական, նշանագիտական, համակարգային-սիներգետիկ հայեցակետերով:  Այդ պատճառով ճարտարապետության և մշակութաբանության տեսությունում ճարտարապետական ձևի առավել հարմար և հայտնի «նկարագրամիջոց» է դարձել ոճը:

Ճարտարապետական ոճի համընդհանուր սահմանում գոյություն չունի: Այսպես օրինակ, 1890-1907թթ. լույս տեսած Բրոկհաուզ-էֆրոնի հանրագիտարանային բառարանում ճարտարապետական ոճը երկակի է լուսաբանվում` որպես ճարտարապետական լեզվի տարածական (տարածքային) և ժամանակագրական բնութագիր: Տարածական հայեցակետում առանձնացվում են հետևյալ ոճերը` «եգիպտական, հին հունական` իր դորիական, իոնիկական և կորինֆական ճյուղերով և էտրուական»: Ժամանակի համատեքստում առանձնացվել են «ռոմանական, գոթական, վերածննդի ոճ, բարոկկո, ռոկոկո, կայսերական»: Այդտեղ նաև նշվել է ոճի օբյեկտիվ բնույթը `որպես երևույթ և որպես հեղինակի սուբյեկտիվ դեր, ինչպես նաև տրվել է ճարտարապետական լեզվի որակական գնահատականը` ոճի տեսանկյունից` «Ոճն անվանվում է «մաքուր», եթե բոլոր տարրերն անփոփոխ տեսքով են և պատշաճ համամասնությամբ գտվում են իրենց տեղում կամ «ոչ մաքուր», երբ ներմուծվում են այլ ոճերի տարրեր»:

Ճարտարապետական ոճի առանձնահատկությունները որպես նկարագրամիջոց

Ոճի տարածաշրջանային բնույթը

Ճարտարապետական ոճը, ինչպես նաև մշակույթի ոճն ընդհանրապես` պայմանական հասկացություն է: Այն հարմար է եվրոպական ճարտարապետության պատմության իմաստավորման համար: Սակայն մի քանի տարածաշրջանի ճարտարապետության պատմությունը համադրելու համար ոճը` որպես նկարագրամիջոց, չի համապատասխանում: Դժվար է ասիական երկրների` օրինակ Չինաստանի ճարտարապետության պատմությունում առանձնացնել ժամանակահատվածներ, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի ճարտարապետական ոճերին: Համանման խնդիր է առաջանում ռուսական ճարտարապետության ուսումնասիրության ժամանակ:

Ազգային տեսությունների անհամապատասխանությունը 

1762-1840 թթ. Ռուսաստանում (ինպես նաև Գերմանիայում) տարածված ճարտարապետական ոճն ավանդաբար անվանում են կլասիցիզմ, այն դեպքում, երբ Ֆրանսիայում կլասիցիզմը համարվում է XVII դարի ոճը`Լյուդովիկոս XIV-ի ոճը (Louis XIV):

Ռուսաստանում և Գերմանիայում նեոկլասիցիզմ են անվանում XX դարի ռետրոսպեկտիվ (հետադարձ, հետահայաց) ոճը: Ֆրանսիայում նեոկլասիցիզմը XVIII դարի երկրորդ կեսի ոճն է, Լյուդովիկոս XVI-ի ոճը (Louis XVI):

Ոճը, որ ռուսական մշակութաբանությունում անվանվում է մոդեռն, արտասահմանյան մշակութաբանությունում տարբեր կերպ է մեկնաբանվում` ԱՄՆ-ում` «Թիֆանի» (Լ.Կ. Թիֆանիի անվանումով), Ֆրանսիայում` «ար-նուվո» և «Ֆեն դե սիեքլը» (բառացի`«դարի վերջը»), Գերմանիայում` «Յուգենստիլ» (առավել ստույգ` «յուգենդշտիլ» - գերմաներեն` գJugendstil` 1896թ. հիմնված Die Jugend պատկերազարդ ամսագրի անվանմամբ), Ավստրայում` «Սեցեսիոնի ոճ» (Secessionsstil), Անգլիայում` «մոդեռն սթայլ» (modern style, բառացի` «ժամանակակից ոճ»), Իտալիայում` «լիբերտի ոճ», Իսպանիայում` «մոդեռնիզմո», Նիդերլանդներում` «Nieuwe Kunst», Շվեյցարայում` «եղևնու ոճ» (style sapin).

Նորագույն ոճեր

Պոստմոդեռնիզմի պարադիգմայի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ ուղղություններ, որոնք էականորեն տարբերվում են գաղափարախոսությամբ և լեզվական միջոցով: Մինչ այս կամ այն ուղղության  անկախության վերաբերյալ գիտական բանավեճեր են ընթանում, տերմինաբանության մեջ չկա և չի կարող լիներ միասնություն: Միևնույն երևույթը, ինչպես, օրինակ դեկոնստրուկտիվիզմը, կարող է դիտարկվել և որպես ոճական ուղղություն, և որպես  ինքնուրույն ճարտարապետական ոճ:

Ճարտարապետական ոճեր

Առավել մանրամասն` տես Ճարտարապետության պատմություն

Ինչպես նաև`Ճարտարապետական ոճերի ժամանակագրություն

Առանձնացվում են հետևյալ ճարտարապետական ոճերը`

  • Հին աշխարհի ճարտարապետություն` նախնադարյան հասարակությունից մինչև X  դար (տարբեր տարածաշրջաններում ժամկետները տարբեր են):

  • Ռոմանական ճարտարապետություն ` X—XII դար:

  • Գոթական` XII—XV դար:

  • Վերածնունդ` XV դարի —XVII դարի սկիզբ:

  • Բարոկկո` XVI դարի— XVIII դարի վերջ:

  • Ռոկոկո` XVIII դարի — XVIII դարի վերջ:

  • Կլասիցիզմ` XVIII — XIX դարի կեսեր:

  • Իստորիզմ` 1830— 1890թթ.:

  • Մոդեռն`1890— 1910թթ.:

  • Մոդեռիզմ` 1900-ական թվ. սկիզբ - 1980-ական թվականներ:

  • Կոնստրուկտիվիզմ` 1920-ական թվականներ —1930-ական թվկանների սկիզբ:

  • Պոստմոդեռնիզմ` XX դարի կեսեր:

  • Հայ-տեք` 1970-ական թվականների վերջ:

  • Դեկոնստրուկտիվիզմ` 1980-ական թվականների վերջ:

  • Թվային ճարտարապետություն`XXI դարի սկիզբ:

«ՊՐԻՄԴԻՓ» ՍՊԸ

+374 99 200205

info@primdeep.am

© 2019 «ՊՐԻՄԴԻՓ» ՍՊԸ.